Հայաստանում գործող իշխանությունն անտեսում է ՀՀ Սահմանադրության հիմնական դրույթները, ՀՀ անկախության Հռչակագիրը։ Այն գործում է Հայաստանի, Արցախի և ողջ հայ ժողովրդի ազգային շահերի դեմ։ Ուստի ներկա պայմաններում.
1. Գոյություն ունի ազգային միասնության միայն մեկ հաստատություն՝ Հայ Առաքելական Եկեղեցին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ։ Ազգային գաղափարախոսություն կրող քաղաքական, հասարակական կազմակերպությունները, գիտության, կրթության, մշակույթի անվանի գործիչները, գործարար շրջանակները հոգևորականների հետ պարտավոր են միասնաբար ստորագրել Վեհափառ Հայրապետին ուղղված հանրագիրը՝ սկսելու հայության համախմբման գործընթացը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում՝ լուծելու Արցախի Հանրապետության 120.000 բնակչության պաշտպանության համազգային խնդիրը, որը կարող է դառնալ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զոհը։
Համատեղ գործողությունների հիմքը պետք է լինի փոխհամաձայնության ծրագիրը, որը ներառում է Համահայկական կոնգրեսի առցանց անցկացումը, Արցախի ժողովրդի աջակցության ազգային հիմնադրամի ստեղծումը, Արցախի Հանրապետության ճանաչումը՝ հիմքում ունենալով անկախ սուբյեկտի կարգավիճակը, որը ձեռք է բերվել օրինական ճանապարհով:
2. Հայկական կողմի առաջարկած բանակցությունների նոր օրակարգի համաձայն, վերամիավորող Համահայկական կոնգրեսի մանդատով օժտված՝ ձևավորվում են դիվանագիտական ներկայացուցչություններ, որոնք գործուղվում են Ռուսաստանի Դաշնություն, Իրան, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա և ԵԱՀԿ՝ ազգերի ինքնորոշման սկզբունքով, միջազգային իրավունքի դրույթների և սկզբունքների համաձայն՝ նախկին ԼՂԻՄ-ի ձեռք բերած անկախ սուբյեկտի կարգավիճակը և արցախյան հիմնահարցի իրավական փաթեթը հանգամանալի ներկայացնելու նպատակով։
3. Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանաթուրքական նոր ագրեսիայի դեպքում աշխարհի հայությունն իրավունք ունի բոլոր հնարավոր միջոցներով, ընդհուպ մինչև նորագույն տեխնոլոգիաների արտադրանք՝ հայ մտավոր սեփականություն հանդիսացող զինատեսակների կիրառումով, հակահարված կազմակերպել ագրեսորին և պարտադրել ամբարտավան թշնամուն վերադառնալ բանակցությունների սեղանին՝ համաձայն միջազգային իրավունքի պահանջներին։
Ռազմատենչ հարևաններին խաղաղություն պարտադրելու ավելի մանրամասն ծրագիր կներկայացվի լրացուցիչ՝ ներքին փակ քննարկմամբ։
Շուտով պատրաստ կլինեմ առաջարկել առցանց ստորագրելու հանրագրի տեքստը ։ Բոլոր նրանք, ովքեր համաձայն են այս առաջարկին, խնդրում եմ արձագանքել և ներկայացնել ձեր առաջարկները։
Ժամանակը սուղ է։ Եկել է գործողությունների պահը։ Երբ մենք միասի՛ն ենք, անպարտելի՛ ենք։
Արամ Գասպարի Սարգսյան,
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ,
ՀՀ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով նախկին խորհրդական
Comentarios