top of page

Այսպես կոչված "անկլավների" և Հայաստանի այլ ինքնիշխան տարածքների մասին

Պետության տարածքը և նրա սահմանները որոշվում են միջազգային և ներքին իրավական ակտերով:

Պետության տարածքը գտնվում է նրա ինքնիշխանության ներքո և սահմանափակված է պետական սահմանով: Պետության տարածքը և նրա սահմանները որոշվում են միջազգային և ներքին ակտերով: Այդ թվում ՝ հարեւան պետությունների հետ սահմանների մասին պայմանագրերի կնքմամբ, զինված հակամարտությունների ավարտից հետո խաղաղության պայմանագրերով։ Ոչ թե հանրագիտարանների հոդվածները, այս կամ այն քարտեզները, այլ իրավական ակտերն են սահմանների որոշման համար հիմք հանդիսանում: Դրանց հիման վրա իրականացվում է սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա և կազմվում են քարտեզներ։ Հենց իրավական ակտերը պետք է լինեն այս հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի հիմնական փաստարկները:

Որոշակի տարածքի վրա պետական ​​ինքնիշխանությունը տարածելու իրավական հիմքերի մասին գրել ենք Քաղաքագետների հայկական ասոցիացիայի կայքում. https://shorturl.at/sFoxt:

Ելնելով վերոգրյալից անդրադառնանք այսպես կոչված "անկլավների" և Հայաստանի այլ ինքնիշխան տարածքների հարցին:

1.Առաջին. Խորհրդային Միությունում «անկլավներ»  չեն եղել:

Խոսել ինչ-որ "անկլավների" մասին, որոնք իբր գոյություն են ունեցել Խորհրդային Միությունում, թյուրիմացություն է, դրանք այնտեղ երբեք չեն եղել ։ Չկա ոչ մի փաստաթուղթ որևէ անկլավների մասին, ոչ մի իրավական ակտ։ Տարածքի փոխանցումը միութենական Հանրապետությունից մյուսը, առավել ևս որպես ինչ-որ" անկլավներ", չէր կարող իրականացվել միութենական կենտրոնը շրջանցելով ։ ԽՍՀՄ առաջին երկու համամիութենական սահմանադրությունները՝ 1924 և 1936 թթ, միութենական հանրապետությունների ինքնիշխանությունը սահմանափակված էր ԽՍՀՄ իրավասության սահմաններում (1924 թ.ԽՍՀՄ Սահմանադրության 3-րդ հոդված և 1936 թ. ԽՍՀՄ Սահմանադրության 15-րդ հոդված): Համաձայն 1977 թ. ԽՍՀՄ Սահմանադրության 78-րդ հոդվածի, միութենական հանրապետության տարածքը, չնայած չէր կարող փոխվել առանց նրա համաձայնության, բայց այդպիսի իրավական ակտը կարող էր ուժի մեջ մտնել միայն ԽՍՀ Միության կողմից հաստատվելուց հետո: Այսինքն ՝ միութենական հանրապետությունների սահմանների և նրանց տարածքների փոփոխության հարցերը մնացին ԽՍՀ Միության իրավասության ներքո։ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը ընդհանուր ղեկավարություն էր իրականացնում ԽՍՀՄ-ում վարչատարածքային փոփոխությունների իրականացման ոլորտում։ Առանց այդ մարմնի որոշումների, նշված հարցերի վերաբերյալ ցանկացած որոշում չէր կարող համարվել օրինական: Իսկ "անկլավների" վերաբերյալ նման իրավական ակտեր մեզ չհաջողվեց գտնել։ Այս իրավիճակը պայմանավորված էր նրանով, որ հանրապետությունները ազգային-պետական ​​միավորներ էին, և նրանց տարածքի անձեռնմխելիությունը երաշխավորված էր ԽՍՀՄ-ի կողմից։ Հանրապետական սահմանների փոփոխությունը դիտարկվում էր որպես բացառապես բարդ քաղաքական հարց, որը պահանջում էր հաշվի առնել բազմաթիվ հանգամանքներ և, առաջին հերթին, հաշվի առնել հենց միութենական հանրապետությունների շահերը: ԽՍՀՄ-ի իրավասության ներքո այդ հարցերի պահպանումը ԽՍՀՄ տարածքում բնակվող բոլոր ազգերի և ազգությունների լիակատար հավասարության հուսալի երաշխիք էր:

Բացի այդ, միութենական պետության սուբյեկտ հանդիսացող միութենական հանրապետության տարածքի առանձնահատկությունը այն է, որ նրա տարածքը Խորհրդային Միության պետության տարածքի մի մասն է, և բացի միութենական հանրապետության իշխանությունից, նրա տարածքում գործում է նաև միութենական պետության իշխանությունը: Դա բխում է միութենական հանրապետության պատկանելությունից ԽՍՀ միությանը, որի իրավահավասար անդամ է հանդիսանում։ Քանի որ միութենական հանրապետության տարածքը ԽՍՀՄ տարածքի բաղկացուցիչ մասն է, ապա նրա տարածքի սահմանների փոփոխման հարցը լուծվում է ԽՍՀ Միության և միութենական հանրապետության կողմից համատեղ:

 Այո, կային ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր, շրջաններ, բայց ոչ մի տեղ անկլավների մասին հիշատակում չեք գտնի՝ ոչ ԽՍՀՄ Սահմանադրության մեջ, ոչ խորհրդային հանրապետությունների սահմանադրություններում, ոչ էլ որևէ այլ խորհրդային իրավական փաստաթղթերում: Ուստի խոսել, օրինակ, Տիգրանաշենի ՝ որպես "անկլավի" մասին, դա կամ իրավական անգրագիտության վկայությունն է, կամ, որ ավելի հավանական է, քաղաքական նպատակներով մանիպուլյացիայի փորձերի։

ԽՍՀՄ նախարարների խորհրդի 1979 թվականի դեկտեմբերի 16-ի N 940 որոշման համաձայն, համապատասխան միութենական հանրապետությունների նախարարների խորհուրդների որոշումների համաձայն, կարող էր իրականացվել մեկ միութենական հանրապետության ձեռնարկությունների, ասոցիացիաների, կազմակերպությունների, հիմնարկների, շենքերի և շինությունների փոխանցում մեկ այլ միութենական հանրապետության պետական մարմիններին: Բայց դա չի նշանակում, որ այն տարածքները, որտեղ գտնվում են այդ հաստատությունները, շենքերն ու շինությունները, նույնպես փոխանցվում են մեկ այլ հանրապետության։ Նույն կերպ, եթե որոշակի տարածքների (շրջանների, ավանների, այլ վարչական միավորների) գերատեսչական, վարչական կառավարումը որոշ տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նշված "անկլավների" դեպքում, փոխանցվել է այլ հանրապետությունների գերատեսչական կամ վարչական մարմիններին, դա նույնպես չի նշանակում տարածքների փոխանցում։ Ինչպես նշվեց վերևում, տարածքների փոխանցումը կարող էր իրականացվել միայն միութենական մակարդակով հաստատված իրավական ակտերին համապատասխան։

Երկրորդ. Ալմա-Աթայի հռչակագիր։

 Այսպես կոչված "անկլավները" և Հայաստանի Հանրապետության այլ ինքնիշխան տարածքները որպես Ադրբեջանի տարածքներ ներկայացնելու փորձն այսօրվա իշխանությունները ձգտում են հիմնավորել Ալմա-Աթայի հռչակագրի հղումներով ՝ այն ներկայացնելով որպես լեգիտիմ հիմք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք սահմանելու, ինչպես նաև սահմանազատման ու սահմանագծման համար։

Պնդում են, թե իբր Ալմա-Աթայի հռչակագրով խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները ճանաչվում են որպես նոր անկախ պետությունների սահմաններ ։ Սակայն Հռչակագրում այդ մասին ոչ մի խոսք չկա։

Բացի այդ, այս Հռչակագիրը չի կարող լինել տարածքների և սահմանների որոշման միակ իրավական հիմքը։ Դրա իրավական նշանակությունը կայանում է նրանում, որ կողմերը հայտարարել են ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագրին միանալու մասին, որը կնքվել էր երկու շաբաթ առաջ և որում տարածքների և սահմանների մասին բառացիորեն նույնն է գրված։

Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրումից հետո Հայաստանի Հանրապետությունը վերապահումներով վավերացրեց «Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը։

Վերապահումների 10 - րդ կետում ասվում է. "համաձայնագրի 13 – րդ հոդվածի երկրորդ պարբերությունը "բաց է նախկին ԽՍՀ Միության բոլոր անդամ պետությունների միացման համար" բառերից հետո լրացնել "այդ թվում ՝ ԽՍՀՄ նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք մինչեւ "ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին" հռչակագրի ընդունումը Անկախության հռչակման վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե են անցկացրել, եւ դրա հիման վրա ինքնավար կազմավորման բարձրագույն գործադիր մարմինը դիմել է անկախ պետությունների համագործակցությանը ՝ դրա կազմում ընդգրկման համար։ Այսինքն, աներկբա նշվում է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա։ Բայց այս համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունների կողմից չի հիշատակվում, երևի այն պատճառով, որ այն վավերացվել է Հայաստանի կողմից և դրա խեղաթյուրումը օրենքի կոպիտ խախտում է:

Կարելի է նաև արձանագրել, որ նշված փաստաթղթերը ստորագրելով Ադրբեջանը դե յուրե ընդունել է, որ ոչ Արցախը, ոչ էլ հայկական այլ տարածքները Ադրբեջանի կազմում չեն։ Դրա համար էլ նրա իշխանությունները, ի տարբերություն հայկականների, փորձում են խուսափել այդ փաստաթղթերի մասին հիշատակելուց։

Երրորդ, Ադրբեջանցի իրավագետները, հասկանալով նման դիրքորոշման անկարողությունը, փորձում են հիմնավորել Ադրբեջանի տարածքային պահանջները ՝ վկայակոչելով միջազգային իրավունքի սկզբունքը, որը կոչվում է uti  possidetis, և նշանակում է «տիրել այն ամենին, ինչ տվյալ պահին ունես»։ Բայց Ադրբեջանը ԽՍՀՄ-ից դուրս գալու ժամանակ այդ տարածքներին չէր տիրապետում։ Ավելին՝ այս սկզբունքը կիրառվում էր նախկին լատինաամերիկյան և աֆրիկյան գաղութների նկատմամբ անկախություն ձեռք բերելիս, և մասամբ Հարավսլավիայի նկատմամբ։ Բայց Խորհրդային Միության նկատմամբ, որն ուներ բարդ և բազմամակարդակ պետական կառույց, որից դուրս եկան միութենական հանրապետությունները, այն ոչ մի կերպ չի կարող կիրառվել։ Խորհրդային Միությունը բաղկացած էր ոչ թե գաղութներից, այլ տարբեր մակարդակների պետական կազմավորումների, միութենական և ինքնավար հանրապետությունների, ինքնավար մարզերի, շրջանների և այլ ինքնավար տարածքնրի միություն էր, որոնց տարածքների կարգավիճակը և դրանց սահմանները չէին կարող փոխվել առանց նրանց համաձայնության:

Չորրորդ, ժամանակակից Ադրբեջանը, Խորհրդային Միության կազմից դուրս գալու ժամանակ հրաժարվելով Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից, նշված տարածքների նկատմամբ հավակնություններ ունենալու որևէ իրավական հիմք չունի, նույնիսկ եթե դրանք վիճելի լինեին: Հոդված 2. "Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին" սահմանադրական ակտում ասվում էր, որ"Ադրբեջանի Հանրապետությունը 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը գոյություն ունեցող Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդն է"։  Հոդված 3. "ԽՍՀՄ կազմավորման մասին 1922 թվականի դեկտեմբերի 30-ի պայմանագիր անվավեր է ստորագրման պահից Ադրբեջանին վերաբերող մասով", այսինքն ՝ Ադրբեջանական ԽՍՀ - ն ճանաչվել է անօրինական կազմավորում։

            Այսպիսով, Հայաստանի Հանրապետության որոշ տարածքները Ադրբեջանին պատկանող "անկլավներ" ճանաչելու իրավական հիմքեր չկան: Ինքը ՝ Նիկոլ Փաշինյանը, ժամանակին հայտարարել է որ մենք պետք է հասկանանք, թե քարտեզի վրա գծված անկլավներն ինչ իրավական հիմքեր ունեն, այստեղ իրավական հիմքեր կան, թե ոչ։  Կամ դա ընդամենը քարտեզի ուրվագիծն է, կամ, ասենք, երկու կոլտնտեսությունների որոշումն այն մասին, թե մեկն իր տարածքից ինչ է նվիրում մյուսին ՝ ադրբեջանականին։  Մենք խիստ կասկածում ենք, որ այդ գործողություններն ունեն իրավական հիմք, հայտարարում էր նա։  https://shorturl.at/dAcW6 .  Հիմա նա տրամագծորեն փոխել է իր դիրքորոշումը։  Սակայն նշված տարածքները Ադրբեջանի կազմում ճանաչելու ցանկացած փորձ ոչ այլ ինչ է, քան կոպիտ իրավական և քաղաքական կամայականություն ՝ ի վնաս Հայաստանի։  Դա չի կարելի թույլ տալ։

 
 
 

Comments


Commenting on this post isn't available anymore. Contact the site owner for more info.
bottom of page