«ԼՂՀ կայացման լեգիտիմությունը և Ադրբեջանի տարածքային հավակնությունների ոչ իրավաչափությունը» խորագրով քննարկում Երևանում
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում մի խումբ գիտական մտավորականների նախաձեռնությամբ նոյեմբերի 19-ին կազմակերպվել էր «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կայացման լեգիտիմությունը և նրա հանդեպ Ադրբեջանի Հանրապետության տարածքային հավակնությունների ոչ իրավաչափությունը» խորագրով քննարկում, որին մասնակցել են գիտակրթական ոլորտի մի շարք մասնագետներ։
Քննարկման կազմակերպման նպատակն էր Ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող իրավական փաստաթղթերի հիման վրա ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կայացումը օրինական է, իսկ Արցախի հանդեպ Ադրբեջանի տարածքային հավակնությունները զուրկ են իրավական հիմքից և դա ապացուցող փաստարկները պետք է ներկայացվեն միջազգային բոլոր հարթակներում։
Հիմնական զեկուցումներով հանդես են եկել ԳԱԱ թղթակից անդամ, Քաղաքագետների հայկական ասոցիացիայի համանախագահ Ալեքսանդր Մանասյանը և սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Ղարաբաղյան հակամարտության իրավական հարցերի վերլուծությամբ հանդես եկավ Քաղաքագետների հայկական ասոցիացիայի վարչության նախագահ Միհրան Շահզադեյանը:
Հանդիպման ավարտին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը բովանդակալից ու արդյունավետ քննարկման համար շնորհակալություն է հայտնել հանդիպման կազմակերպիչներին՝ կարևորելով նման նախաձեռնությունները։